«Ծիծաղ, սեր և վեց փորձություն․ ինչպես ծնվեց «Կրկին փորձիր»-ը». Ֆիլմն արդեն մեծ էկրաններին է
«Կրկին փորձիր» Ֆանտաստիկ կինոկատակերգությունը հանդիսատեսին առաջարկում է սիրո, գայթակղության և ընտրության մասին պատմություն՝ փաթեթավորված հումորով, արկածներով ու անսպասելի շրջադարձերով։ Սյուժեի կենտրոնում երիտասարդ մի տղա է, ով հանուն սիրո վաճառում է իր հոգին՝ ստանալով վեց ցանկություն։ Սակայն ցանկությունները, ինչպես միշտ, ունեն իրենց գինը, և հերոսը հայտնվում է մի շարք զվարճալի, երբեմն էլ խրթին իրավիճակներում, որոնք ստիպում են վերաիմաստավորել ամենակարևոր արժեքները։
Գլխավոր դերերում են Գարիկ Պապոյանը, Սոնա Մաթևոսյանը, Լուիզա Ներսիսյանը, Արմուշը և Մարիաննա Վարդանյանը։ Ֆիլմի ռեժիսորներն են Արման Սարգսյանն ու Գրիգոր Գասպարյանը։
Tert.am Life-ը ներկա է եղել ֆիլմի պրեմիերային, զրուցել ռեժիսորի ու դերասանների հետ:

Սցենարից մինչև էկրան
Գարիկ Պապոյանի խոսքով՝ ֆիլմի գաղափարը ծնվել է դեռ անցյալ տարի՝ ընկերական քննարկումների ընթացքում։ «Մենք ունեինք կիսատ մտքեր, որոնք սկսել էինք գրել, բայց չէինք հասցրել ավարտել։ Հետո մի օր զանգ ստացա տղաներից․ ասացին՝ կա մի գաղափար, որը, կարծես, ամենաիդեալականն է։ Հանդիպեցինք, քննարկեցինք ու վերջնականապես կպանք այդ մտքին»,- պատմեց Գարիկ Պապոյանը։

Պապոյանը ոչ միայն գլխավոր դերակատարն է, այլև սցենարի համահեղինակը։ Նրա խոսքով՝ ֆիլմը ստեղծվել է համախմբված թիմային աշխատանքի արդյունքում․ «Առաջին հերթին ուզում էինք, որ ֆիլմը մեզ ծիծաղացնի։ Չենք հաշվարկել, թե ինչ է սիրում հանդիսատեսը․ մտածել ենք՝ ինչ կսիրեինք մենք, ինչ կդիտեին մեր ընտանիքները։ Պատկերացրել ենք, որ կինոթատրոնում նստած են նաև մեր երեխաները»։

Դերասանուհի Սոնա Մաթևոսյանի համար «Կրկին փորձիր»-ը առաջին գեղարվեստական ֆիլմն է։ Նրա խոսքով՝ նկարահանման ողջ ընթացքը լի էր բաց և անկեղծ էմոցիաներով։ «Չեմ կարող բառերով նկարագրել այն ապրումները, որ հիմա ունեմ։ Ուրախ եմ, որ հենց այս կազմով է իմ առաջին քայլը կինոյում»,- անկեղծացավ դերասանուհին:

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանն էլ առանձնացնում է թիմային մթնոլորտը․ «Բոլորը համախմբված էին մեկ գաղափարի շուրջ։ Երբ ստեղծագործական թիմում բոլորը «վարակված» են նույն երազանքով, արդյունքը չի կարող չփոխանցվել էկրանից այն կողմ»։
Լուիզա Ներսիսյանի կերպարը, ըստ ստեղծագործական թիմի, հենց նրա շուրջ է գրվել։

Գարիկ Պապոյանը խոստովանեց, որ Լուիզայի խաղը բոլորին «ցնցել» է իր բնականությամբ։ Իսկ Արմուշի հետ աշխատանքը նա նկարագրում է որպես ամենաօրգանիկ գործընթացներից մեկը․ «Արմուշի հետ խաղալն ինձ համար նույնն է, ինչ շնչելը»։
Անակնկալ առաջարկ օդանավակայանում
Մարիաննա Վարդանյանի համար ֆիլմում նկարահանվելու առաջարկը եկել է անսպասելի պահի՝ օդանավակայանում, վերադարձի թռիչքին պատրաստվելիս։ «Գարիկն ասաց՝ գիտե՞ս, որ գլխավոր դերերից մեկն էլ դու ես։ Ես բառացիորեն թռվռում էի հերթի մեջ։ Շատ հուզված էի ու ուրախ»,- պատմեց Մարիաննան։ Թեպետ իր դերը մեծ չէր, բայց նրա խոսքով, ասելիքով էր ու հոգեհարազատ։

Ասելիքը՝ հումորի մեջ
Ռեժիսոր Արման Սարգսյանը նշեց, որ ֆիլմի հիմնական նպատակը հանդիսատեսին ծիծաղ պարգևելն է, սակայն կա նաև հստակ ուղերձ․ «Շատ հաճախ չենք նկատում այն, ինչ ունենք մեր կողքին։ Վազում ենք ուրիշ բաների հետևից, բայց ամենակարևորը մնում է մեր շուրջը։ Ուզել ենք դա փոխանցել կատակերգության միջոցով»։
«Կրկին փորձիր»-ը ոչ միայն ֆանտաստիկ պատմություն է վեց ցանկության մասին, այլ նաև հիշեցում՝ գնահատելու ունեցածը, սիրելու առանց պայմանների և ժամանակին հասկանալու, թե որն է իսկական երջանկությունը։




















Լուսանկարները՝ Աքսաննա Ոսկանյանի











